ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

«ՔԱՐԵԴԱՐԸ ՄՈԼՈՐԱԿԻ ՎՐԱ ՎԵՐՋԱՑԱՎ ՈՉ ԱՅՆ ՊԱՏՃԱՌՈՎ, ՈՐ ՎԵՐՋԱՑԱՎ ՔԱՐԸ»

«ՔԱՐԵԴԱՐԸ ՄՈԼՈՐԱԿԻ ՎՐԱ ՎԵՐՋԱՑԱՎ ՈՉ ԱՅՆ ՊԱՏՃԱՌՈՎ, ՈՐ ՎԵՐՋԱՑԱՎ ՔԱՐԸ»
02.04.2010 | 00:00

Մինչ տարբեր երկրներ, քաղաքական առաջնորդներ և կորպորացիաներ կատաղի համառությամբ պայքարում են գազի շուկաների և ածխաջրածնային ուղիների համար, մինչ էներգակիրները սրբագրում են աշխարհաքաղաքական քարտեզը, մինչ «էներգետիկ շանտաժը» վերածվում է կայուն քաղաքական կատեգորիայի, իսկ «էներգետիկ ասեղը» դառնում է սեփական վարկը բարձրացնելու ամենալավ միջոցը, աշխարհում հանդարտորեն, առանց ավելորդ աղմուկի տեղի է ունենում «էներգետիկ հեղափոխություն»: Անցած տարվա վերջին իսկական սենսացիա դարձավ այն լուրը, թե էներգակիրների պակաս ունեցող ԱՄՆ-ը հանկարծ աշխարհում դարձել է գազի ամենախոշոր արդյունահանողը` այդ դերից զրկելով Ռուսաստանին: Համաձայն հաշվետվությունների, գազի արդյունահանումը ԱՄՆ-ում աճել է 3,7 տոկոսով և կազմել 624 մլրդ խորանարդ մետր: (Նույն այդ ժամանակահատվածում գազի արդյունահանումը Ռուսաստանում կրճատվել 12, 4 տոկոսով, և արդյունահանման ընդհանուր ծավալը կազմել է 582,3 խմ): Բուենոս Այրեսում կայացած գազի մասնագետների հավաքի ընթացքում ԱՄՆ-ի ներկայացուցիչը հայտարարեց, որ «խաղաղ հեղափոխությունը» կատարվեց բացառապես այլընտրանքային թերթաքարային գազի շնորհիվ, ինչը երկրում հանգեցրեց գազի գների կտրուկ անկմանը և գազի արդյունահանմամբ զբաղվող ընկերությունների բաժնետոմսերի արժեզրկմանը, իսկ ամերիկացի սպառողի համար` կոմունալ վճարումների կրճատմանը: Այսօր արդեն թերթաքարային գազը ԱՄՆ-ում արդյունահանվող գազի ընդհանուր ծավալի 40 տոկոսն է, իսկ 2020-ին այդ մասնաբաժինը կաճի մինչև 60 տոկոս: Մոտ մեկ ամիս առաջ ԱՄՆ-ը վերջապես հրապարակեց այն տեխնոլոգիան, որը թույլ է տալիս թերթաքարային գազն արդյունահանել հեղուկ գազի հետ համեմատելի գներով: Դրանով իսկ ակնհայտ դարձավ, որ թերթաքարային գազը, որն ամբողջ աշխարհում առկա է ամենուր, փաստորեն, հասանելի է բոլորին:
Եվ այսպես, ի՞նչ ասել է թերթաքար և թերթաքարային գազ: Թերթաքարն ամենուրեք տարածված մուգ գույնի հանքատեսակ է: Ըստ էության, դա քարացած կավ է, որը պարունակում է օրգանական նյութեր: Թերթաքարային գազն առավելապես կազմված է մեթանից, որը պարունակվում է հենց ապարում, և այն կարելի է արդյունահանել` մշակելով ապարի բավականին մեծ տարածքներ: Հանուն ճշմարտության պետք է փաստել, որ այդ բոլոր տվյալները հայտնի էին վաղուց, անգամ թերթաքարային գազ արդյունահանելու բազմաթիվ փորձեր են արվել: Ընդհանրապես առաջին ածխաջրածնային հորատանցքերը փորվել են հենց թերթաքարերում, նավթային հորատանցքերից դեռևս 30 տարի առաջ, 18-րդ դարի վերջին: Սակայն երկար ժամանակ գիտությունը չուներ այն հարցի պատասխանը, թե ինչպես կարելի է այդ գազը ծառայեցնել մարդկությանը, քանզի գազի արդյունահանումը թերթաքարից բավականին դժվար ու ծախսատար աշխատանք էր: Այժմ, շնորհիվ ամերիկյան նոր տեխնոլոգիաների, իրադրությունը շատ արագ, գուցե և անդառնալիորեն է փոխվել:
Թերթաքարային գազի արդյունահանման նոր եղանակը, որն արդեն ապացուցել է իր արդյունավետությունը, առաջին հայացքից բավականին պարզ է: Թերթաքարի անհրաժեշտ շերտին հասնում են սովորական հորատանցքով, ապա այդ շերտում փորում են մեծ թվով երկար հորիզոնական «թունելներ», ուր և մղում են ավազախառն ջուր, շղթայաբար տեղադրում են պայթուցիկներ և ստեղծում «հիդրոհարվածի» (հիդրոպայթյունի) էֆեկտ: Դրա հետևանքով շերտում տարբեր ուղղություններով տարածվում են ճեղքեր, որոնցով ապարում պարունակվող գազը մտնում է հորատանցք և դուրս բերվում գետնի երես: Ամերիկացիները սկսեցին աշխատել հենց այս եղանակով: Կարևոր է և այն, որ մի թերթաքարային դաշտում կարելի է փորել տասնյակ հազարավոր հորատանցքեր: Ամերիկյան գիտական մամուլը պնդում է, որ այդ գործընթացը հնարավոր դարձավ շնորհիվ հորատանցքեր փորելու համար նախատեսված նոր սարքավորումների:
Նշվում է նաև, որ հորատանցքը կարող է «մահանալ» տառացիորեն մեկ տարում (ՈՒրենգոյում, օրինակ, հորատանցքը կարող է «ապրել» 10-15 տարի), բայց տալով այնքան գազ, որ արդարացնի ծախսերը: Փաստորեն, հորատանցքը փորվում է մեկ սեզոնով: Իսկ ածխաջրածնի արդյունահանումը կատարվում է առանց մեծ ծախսերի, առանց գազի պահեստավորման անհրաժեշտության: Կարևոր է և այն, որ գազը կարելի է արդյունահանել պոտենցիալ սպառողի հարևանությամբ: Գլխավորը գազամուղների ճյուղավորված ցանցի առկայությունն է: Արդեն մտահղացում կա արդյունահանման վայրերում կառուցելու ոչ մեծ էլեկտրակայաններ: ԱՄՆ-ում այսօր այդպիսի հորատանցքեր փորվում են հազարներով, իսկ գազի 1000 խմ-ը միջինը 150 դոլար է նստում։ Ինքնարժեքը մոտ 150 դոլար է 1000 խորանարդ մետրի համար: Նշվում է, որ շատ դեպքերում ծախսատարությունն ավելի պակաս է, քան ավանդական նախագծերում: Իսկ երկարաժամկետ հեռանկարում թերթաքարային գազի արդյունահանման գինը գնահատվում է 90 դոլարից պակաս 1000 խորանարդի դիմաց: Բայց եթե նույնիսկ թերթաքարային գազի արդյունահանման ծախսերը սովորականից բարձր լինեն, միևնույն է, փոխադրման և պահեստավորման ծախսերի խնայողության պայմաններում նրանք արդարացված են: Արդեն այսօր ծախսատարության ցուցանիշներն ամեն ամիս նվազում են: Սպասվում է, որ 2015-ին թերթաքարային գազի արդյունահանման ծավալներն ԱՄՆ-ում կկրկնապատկվեն և կկազմեն տարեկան 180 մլրդ խորանարդ մետր, իսկ ներմուծումը կնվազի տարեկան մինչև 1 մլրդ խորանարդ մետր:
Ինչպես և սպասվում էր, հայտնվեցին ապագային միտված այդ ճեղքման թե՛ հակառակորդներ, թե՛ քննադատներ: Նշվում է, որ եթե ամերիկյան թերթաքարային երկրաբանությունն «ուսումնասիրված է մինչև անհնարինության» աստիճան, ապա թերթաքարային այլ ավազանների պատկերը ոչ ոք առանձնապես չի ուսումնասիրել: Այդ պատճառով դժվար է գնահատել դրանց ներուժը: Բացի այդ, թերթաքարային գազի ինքնարժեքը ուղղակիորեն պայմանավորված է նրա տեղադրման խորությամբ: Ամերիկայի բախտը, ինչպես ասում են, բերել է. խոշոր հանքաշերտերը բավականին մոտ են մակերևույթին, ինչը մյուս երկրներում դժվար է երաշխավորել։ Այս ամենից զատ, նաև նշվում է, որ թերթաքարային գազի արդյունահանման համար մեծ քանակությամբ ջուր է անհրաժեշտ, որ ջրի ու քիմիական նյութերի խառնուրդը կարող է լրջորեն աղտոտել շրջակա միջավայրը, անգամ վարակել ջրային աղբյուրները։ Բնապահպանական որոշ կազմակերպություններ կարծում են, որ այս ամենը կարող է անդրադառնալ սեյսմիկ իրավիճակի վրա: Մյուս խնդիրը. արդյունահանումը բարձրտեխնոլոգիական է: Նախ` ա) անհրաժեշտ են հզոր և գլխավորը` նոր հորատանցող ու հիդրոճեղքող սարքավորումներ, բ) հորատանցողների բրիգադներ, որոնք տիրապետում են այդ սարքավորումներին, և գ) այդ ամենն անհրաժեշտ է անընդմեջ, քանի որ այս բիզնես նախագծում հորատանցքերի հորատումը ոչ թե հիմնական, այլ շահագործման պրոցես է: Որպես «հակառակ» լուրջ փաստարկ վկայակոչվում է այն, որ թերթաքարերի այրման տեսակարար ջերմությունը սովորականից ցածր է երեք անգամ։ Բայց եթե գազի պաշարները, իրոք, այդքան մեծ են, իսկ արդյունահանումն այդքան շահավետ, ապա հազիվ թե վերոհիշյալ կասկածները ինչ-որ դեր խաղան:
Հասկանալի պատճառներով քարկոծողներն ամենաշատը Ռուսաստանից են: Ինչպես միշտ, Մոսկվայում ուշ արթնացան, գլուխները բռնեցին ու սկսեցին պնդել, որ «թերթաքարային գազի արդյունահանման վերաբերյալ շատ առասպելներ կան», որ դա ամերիկյան հերթական «դիվերսիան է ընդդեմ Ռուսաստանի բարօրության», և նրանք համոզված են, որ դա կմնա «լոկ տարածաշրջանային հրաշք»: Սա հասկանալի արձագանք էր, քանի որ արդեն այսօր ԱՄՆ-ը հրաժարվել է Կատարից ներմուծվող հեղուկ գազից, որի ծավալները տնտեսության այս հատվածում նվազել են մինչև 16 տոկոս: Մտահոգված արաբները միանգամից ուղղեցին իրենց հարստությունը դեպի Եվրոպա, դրանով իսկ պայթեցնելով գազի բնագավառում համաշխարհային գնային քաղաքականությունը: Արդյունքում գազի գինը շուկայում ընկավ երկու անգամ, ինչը միանգամից անդրադարձավ ռուսական «Գազպրոմի» վրա: «Գազպրոմը» ստիպված էր նվազեցնել իր արտահանումը 11,4 տոկոսով, մինչև 140 մլրդ խմ: Բայց սա` կարճաժամկետ հեռանկարում: Երկարաժամկետ հեռանկարում ոչինչ դեռ պարզ չէ: Ի՞նչ ճակատագրի կարժանանան «Գազպրոմի» դարակազմիկ նախագծերն ի դեմս «Հյուսիսային հոսքի» և «Հարավային հոսքի», որոնց համաձայնեցման վրա Վլադիմիր Պուտինն այդքան ջանք ու եռանդ է ծախսել: Հարկադրվա՞ծ կլինի արդյոք Ռուսաստանը Բարենցի ծովում Շտոկմանյան հանքավայրի գործարկումը սառեցնել: Արդեն այսօր խնդիրներ կան այդ հանքավայրի հետ: Հեղուկ գազ արտադրելու համար նախատեսված գործարանի շինարարությունը կանգնեցված է, քանի որ այդ հեղուկ գազը պետք է արտահանվեր ԱՄՆ, ինչն այլևս արդիական չէ: Իսկ եթե գազի հետ էժանանա և նա՞վթը: Ի՞նչ կլինի Ռուսաստանի բյուջեի ու ազդեցության ոլորտների հետ այդ դեպքում: Ըստ էներգետիկայի նախարար Սերգեյ Շմատկոյի, թերթաքարային գազի հեռանկարներն անհանգստացնում են Ռուսաստանին: Դուման նույնպես տենդորեն փորձում է հասկանալ, թե ինչ է այս ամենը նշանակում` «ռուսական բարգավաճման վե՞րջը, թե՞ դատարկ սպասումների փուչիկ»: Պետդումայում կայացած «կլոր սեղանի» մասնակիցները եկան այն եզրակացության, որ թերթաքարային գազի արդյունահանման զարգացումը հեռանկարում կարող է հանգեցնել ինչպես ավանդական գազի ներմուծման ծավալների կրճատման հիմնական սպառող երկրներում, այնպես էլ համաշխարհային շուկայում հեղուկ գազի գների անկման: Մի խոսքով, Ռուսաստանում կարծիք է ձևավորվում, որ Կրեմլի անգործության դեպքում Ռուսաստանը մոտակա տարիներին կարող է կորցնել քաղաքական մրցակիցների ու գործընկերների նկատմամբ գազը որպես «զենք» կիրառելու հնարավորությունը:
Այսպես թե այնպես, աշխարհը «թերթաքարային տենդի» մեջ է: Որոշ գնահատականների համաձայն, ԱՄՆ-ն ունի մոտ 75 տրլն խորանարդ մետր հասանելի գազի պաշար, ինչը նրանց կբավարարի մոտակա 100 տարում: Համեմատության համար` Ռուսաստանի ավանդական գազի պաշարները, որոնք ամենամեծն են աշխարհում, 56 տրլն խմ-ից մի քիչ ավելի են: Այսպիսով, թերթաքարային պաշարները հնարավորություն են տալիս յուրաքանչյուր երկրի ինքն իրեն ապահովել գազով: Այդ հեռանկարը շատերին է ոգևորում` Բրիտանական կղզիներից մինչև Ավստրալիա, Հարավաֆրիկյան Հանրապետությունից մինչև Հնդկաստան: Բավականին թվով խոշոր էներգետիկ ընկերություններ` «Բրիթիշ Պետրոլեումը», «Շելլը», հետազոտում են թերթաքարի պաշարներն Ավստրիայում, Ֆրանսիայում, Արևելյան Եվրոպայում: Էներգետիկայի միջազգային գործակալության տվյալներով, թերթաքարային գազի պաշարները Եվրոպայում 35 տրլն խմ են, նախկին ԽՍՀՄ երկրներում` 18 տրլն խմ: Ամերիկյան կորպորացիաները, որոնք ներկայումս արտահանում են նոր տեխնոլոգիաները Եվրոպայի գազի շուկաներ, պնդում են, որ ոչ ավանդական գազի պաշարների հետազոտման մեթոդները տասնամյակի մեծագույն նորույթն են էներգետիկ ոլորտում, և կարծում են, որ այդ տեխնոլոգիաներն ԱՄՆ-ից կտարածվեն ողջ աշխարհով մեկ: ԱՄՆ-ի նախագահ Օբամայի և չինական առաջնորդների հանդիպման ընթացքում թերթաքարային գազի հեռանկարները քննարկվող թեմաների ցուցակում ընդգրկվել էին առանձին կետով: Խոշորագույն PetroChina ընկերությունը թերթաքարային գազի իր պաշարները գնահատում է 45 տրլն խմ: 2030 թ. Չինաստանը հույս ունի թերթաքարային գազի արդյունահանման մասնաբաժինը գազի ընդհանուր արդյունահանման ծավալներում հասցնելու 25 տոկոսի:
Այսօր կարելի է փաստել, որ թերթաքարային գազի «հարուցիչով վարակվել են» բազում քաղաքական գործիչներ, տնտեսագետներ ու ձեռներեցներ: Նրանք պնդում են, որ «մոտակա 10-15 տարիների ընթացքում բոլոր հարաբերությունները կփոխվեն», և որ «այս ամենի հետևանքով կվերաիմաստավորվի երկրագնդի աշխարհաքաղաքական պատկերն ընդհանրապես»: Մասնագետների կարծիքով, ոչ ավանդական աղբյուրներն ունակ են ավելացնելու գազի համաշխարհային պաշարները 250 տոկոսով, ընդ որում այդ նոր պաշարների որոշակի մասը գտնվում է «կայուն» երկրներում: Եթե Եվրոպայում կրկնվի թերթաքարային գազի օգտագործման ամերիկյան բումը, հավանական է, որ իրավիճակը կփոխվի և՛ գազ արտահանողների, և՛ գազամուղներ անցկացնողների համար: Դժվար չէ նկատել, որ թե՛ գնի, թե՛ քանակի տեսակետից հասանելի գազի նոր աղբյուրների ի հայտ գալու դեպքում գազ փոխադրող երկրների դավերն արդեն ոչ ոքի չեն հետաքրքրի: Մեր տարածաշրջանի համար դա առավել քան արդիական է: Բացի դրանից, գների կտրուկ անկման դեպքում շատ ավելի հեշտ կլինի պայքարել, այսպես կոչված, «էներգետիկ չքավորության» և նույնիսկ սովի դեմ: Իսկ սպառողներին ամենուր, այդ թվում և` Հայաստանում, դա դուր կգա: Եվ, ինչպես թվում է, մենք պետք է լուրջ ուշադրություն դարձնենք թերթաքարային գազի այդ հեռանկարների վրա, անկախ այն բանից` դո՞ւր է գալիս մեր «ավագ եղբայրներին», թե՞ ոչ:
Ամեն դեպքում, եթե հեռանկարները խաբուսիկ չեն, իսկ իրականությունը համապատասխանում է նկարագրություններին, ապագայում մենք կտեսնենք, թե ինչպես է իրականանում վաղեմի մարգարեությունը` «Քարեդարը մոլորակի վրա վերջացավ ոչ այն պատճառով, որ վերջացավ քարը»: Եվս մի անգամ համոզվում ենք, որ տեխնիկական առաջընթացը չի կարելի կասեցնել ո՛չ դավերով, ո՛չ էլ նեղ անձնային շահերով:
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 3103

Մեկնաբանություններ